Նոր վտանգներ և հնարավորություններ Հայաստանի համար
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը հայտարարել է դպրոցի պատմության ուսումնական ծրագրում հիմնարար փոփոխությունների մասին. «Կենտրոնական Ասիա» տերմինը կփոխարինվի «Թուրքեստան» տերմինով։ Սա, ըստ փորձագետների, ուղղված է երիտասարդության շրջանում ազգային ինքնության և հայրենասիրության ամրապնդմանը:
Անկարայի կենտրոնասիական «Թուրքեստան» նախաձեռնությունը տարածաշրջանում աշխարհաքաղաքական և գաղափարական հռետորաբանության փոփոխությունների համատեքստում կարող է և որոշակի ռիսկեր պարունակել Հայաստանի համար, քանի որ դա կուժեղացնի Թուրքիայի ազդեցությունը ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլև Հարավային Կովկասում, ինչն իր հերթին կարող է էլ ավելի ամրապնդել նրա քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը Ադրբեջանի հետ՝ դրանով իսկ նպաստելով ավելի սերտ դաշինքի ստեղծմանը։ Հայաստանը, որպես թուրքական աշխարհից դուրս և ինչպես Թուրքիայի, հատկապես 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության պատճառով, այնպես էլ Ադրբեջանի հետ պատմական հակամարտություններ ունեցող երկիր, կարող է հայտնվել ավելի խոցելի վիճակում։ Թուրքական ինքնության ամրապնդումը կարող է ուժեղացնել թուրքական հասարակության մեջ ազգայնական տրամադրությունները, որն իր մեջ գոյաբանական վտանգներ է պարունակում Հայաստանի և հայ ժողովրդի համար:
Բացի այդ, այս փոփոխությունը կարող է հանգեցնել այլ խաղացողների, օրինակ, Ռուսաստանի, որը պատմականորեն կարևոր դեր է խաղացել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և հատկապես Հարավային Կովկասում, ազդեցության նվազմանը: Եթե Թուրքիան շարունակի ակտիվորեն քարոզել «Թուրքեստան» հայեցակարգը՝ որպես թյուրքական ժողովուրդների մշակութային և աշխարհաքաղաքական կենտրոն, դա կարող է նաև էապես նվազեցնել Հայաստանի դերի ընկալումը տարածաշրջանում՝ խորացնելով նրա մեկուսացումը։
Միջնաժամկետ հեռանկարում դա կարող է բարդացնել Հայաստանի առանց այն էլ թույլ բանակցային դիրքերն անվտանգության հարցերում։
Բացի այդ, թուրքական համերաշխության ամրապնդմամբ Հայաստանի համար տեսականորեն կարող են նոր սպառնալիքներ առաջանալ Կենտրոնական Ասիայի երկրներից, այսինքն՝ ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում Հայաստանի պաշտոնական դաշնակիցների և գործընկերների կողմից, որոնք կսկսեն ավելի ակտիվորեն ընկալել Թուրքիային՝ որպես իրենց առանցքային դաշնակից։
Տնտեսական փոխգործակցությունը նույնպես կարևոր ասպեկտ է։ Եթե Թուրքիան և նրա դաշնակիցներն ամրապնդեն տնտեսական կապերը նոր գաղափարական հայեցակարգի շրջանակներում, Հայաստանը կարող է ամբողջովին զրկվել տարածաշրջանային առևտրի ենթակառուցվածքներից և տարանցիկ ճանապարհներից, ինչի հետ այսօր հույսեր են կապում Երևանում, հատկապես 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո:
Վերը նշված զարգացումների դեմ այսօր էֆեկտիվ չաշխատելու դեպքում, եթե ոչ միջնաժամկետ, ապա երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կարող է առերեսվել ընդհուպ մինչև պետականության վերջնական ոչնչացման, իսկ հայ ազգը՝ հայրենազրկման և բռնի տեղահանման հետ։
Ի՞նչ կարող է անել Երևանը վտանգը նվազեցնելու համար
Հայաստանը, բախվելով տարածաշրջանում թուրքական ազդեցության մեծացման սպառնալիքին, կարող է մի քանի ռազմավարական քայլեր ձեռնարկել իր ազգային շահերը պաշտպանելու համար։
Առաջին՝ Հայաստանը պետք է ամրապնդի դիվանագիտական և տնտեսական կապերն այն պետությունների հետ, որոնք կարող են հակակշիռ ծառայել թուրքական բլոկի ամրապնդմանը, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Իրանի, ինչպես նաև ԵՄ որոշ երկրների։ Հստակեցնեմ՝ ոչ թե Եվրամիության, այլ նրա որոշ անդամների հետ։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ գործընկերության խորացումը Երևանի համար պետք է մնա առանցքային, քանի որ նա ավանդաբար եղել է հայ ազգի անվտանգության հիմնական դաշնակիցը, հատկապես Անկարայի և Բաքվի հետ պատմական հակամարտության համատեքստում:
Երկրորդ՝ Հայաստանը կարող է ակտիվացնել իր դերը միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է ՄԱԿ-ը և, հատկապես, «BRICS»-ը՝ հնարավոր սպառնալիքների վրա ուշադրություն հրավիրելու համար։ Ընդհանուր առմամբ, լավ կառուցված բազմակողմ դիվանագիտության խթանումը սովորաբար օգնում է նվազեցնել պետության անվտանգությանը սպառնացող ընդհանուր ռիսկերը:
Երրորդ՝ շատ կարևոր քայլ է ներքին կայունության ամրապնդումը, ողջ հասարակության ներուժի մոբիլիզացիան, բանակի արդիականացումը և պաշտպանունակության բարձրացումը։ Աշխարհաքաղաքական լարվածության և ունեցած հարևանների կողմից թշնամական գործողությունների համատեքստում Հայաստանը պետք է կենտրոնանա իր զինված ուժերի ամրապնդման, ինչպես նաև հիմնական գործընկերների հետ ռազմական համագործակցության ակտիվացման վրա, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի Հատուկ ռազմական գործողությունների (կամ եթե կուզեք ռուս-ուկրաինական պատերազմի) և Մերձավոր Արևելքում զինված հակամարտությունների փորձը։ Երկրորդ դեպքում, խիստ նպատակահարմար է Իրանի, Սիրիայի և Իրաքի համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությունը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն բախվում են Հյուսիսային Իրաքում և Սիրիայում թուրքական բանակի և նրա կողմից պատրաստվող ռազմական այլ կազմավորումների հետ: Այս համագործակցությանը պետք է առանցքային դեր ունենա Հայաստանի զինված ուժերի և ռազմական հետախուզության հապար, ինչը կարող է օգնել Երևանին ավելի լավ հասկանալ գործնականում, այն է՝ մարտական պայմաններում, Թուրքիայի զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը:
Դիտարկենք Անկարայի կողմից կառավարվող թուրանիզմին հակազդելու Հայաստանի այլ հնարավորություններից երկուսը
1. ՊԱՆ-ԹԱՄԵՐԼԱՆԻԶՄ
Թամերլանիզմի գաղափարախոսությունը որպես ռազմավարական գործիք օգտագործելը Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ազդեցությունը նվազեցնելու և Ուզբեկստանի դերն ուժեղացնելու համար կարող է հետաքրքիր մոտեցում լինել Հայաստանի համար, սակայն պահանջում է մանրակրկիտ վերլուծություն և դիվանագիտական ճկունություն։ Թամերլանը (Թիմուր) Կենտրոնական Ասիայի մշակութային և պատմական ժառանգության, հատկապես Ուզբեկստանի համար մեծ նշանակություն ունեցող պատմական դեմք է, որտեղ նրա կերպարը տարածաշրջանում ուժի և ազդեցության խորհրդանիշն է: Այն կարող է գաղափարական հիմք դառնալ Ուզբեկստանի ազգային ինքնության ամրապնդման, որն ի դեպ մեծ թափ է հավաքում, այդ թվում՝ ժողովրդագրական առումով, և, որպես թուրքական աշխարհի կենտրոն, ստեղծելու համար, ինչը ապագայում կարող է սահմանափակել Թուրքիայի հավակնությունները «թուրքական տարածքում» առաջնորդելու հարցում։
Հետևաբար, պետք է խրախուսվի Հայաստան և Ուզբեկստանի միջև համագործակցությունը դիվանագիտական ուղիներով և մշակութային նախագծերով՝ մեծացնելով ուշադրությունը Կենտրոնական Ասիայում այսօրվա Տաշկենտի պատմական առաքելության վրա։ Թամերլանիզմը, որպես անկախ և ուժեղ պետականության խորհրդանիշ, կարող է օգտագործվել ավելի ուժեղ ուզբեկական ինքնություն կառուցելու և Ուզբեկստանը որպես տարածաշրջանում կենտրոնական խաղացող սահմանելու համար:
Այսինքն՝ թամերլանիզմի գաղափարախոսությանն աջակցելը կարող է նպաստել տարածաշրջանային ազդեցությունների դիվերսիֆիկացմանը։
Դա անելու համար Երևանը պետք է զարգացնի մշակութային համագործակցությունը նոր նախաձեռնություններով, որոնք ընդգծում են տարածաշրջանում Ուզբեկստանի մշակութային ժառանգության կարևորությունը, ինչպես նաև նրա պատմական դերը տարածաշրջանային քաղաքականության ձևավորման գործում:
Շատ կարևոր է հաշվի առնել և ճիշտ օգտագործել Հայ Առաքելական Եկեղեցու և Թիմուրյանների արդյունավետ փոխգործակցության պատմական փորձը, որոնք մեծապես օգնել են հայկական կողմին պահպանել սեփական եկեղեցին և դրանով իսկ ազգային ինքնությունը ազգի համար ամենադժվար պատմական դարաշրջանում։ Իհարկե, Թիմուրյանները դրանում հետապնդում էին իրենց աշխարհաքաղաքական նպատակները, բայց մեկը մյուսին չի խանգարում։
Այնուամենայնիվ, այս մոտեցումը պահանջում է զգուշություն: Թուրքիան արդեն ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Ուզբեկստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների հետ՝ օգտագործելով տնտեսական և քաղաքական լծակները։ Այս երկրների ներքին գործընթացների վրա ազդելու Հայաստանի ցանկացած փորձ պետք է լինի նուրբ, որպեսզի բացասական արձագանք չառաջացնի ինչպես Թուրքիայի, այնպես էլ հենց Կենտրոնական Ասիայի երկրների կողմից։
2. ՏԱՋԻԿԻՍՏԱՆ
Հայաստանը կարող է օգտագործել Տաջիկստանի գործոնը՝ պոտենցիալ դաշնակից ստեղծելու կամ գոնե Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ազդեցությունը և թուրքական աշխարհից տեսականորեն բխող վտանգները նվազեցնելու համար։ Տաջիկստանը, ի տարբերություն Կենտրոնական Ասիայի մնացած երկրների, չի պատկանում թուրքական լեզվամշակութային խմբին, և նրա ժողովուրդը էթնիկ տաջիկներ են, որոնց պատմությունն ու մշակույթը սերտորեն կապված են պարսկական աշխարհի հետ: Այս ամենը Տաջիկստանը դարձնում է տարածաշրջանում եզակի երկրի և Հայաստանի համար հնարավորություններ է բացում նրա հետ կառուցել յուրահատուկ և փոխշահավետ հարաբերություններ՝ հիմնված թուրքական երկրների հետ պատմական, մշակութային և աշխարհաքաղաքական տարբերությունների վրա:
Առաջին՝ Տաջիկստանն ինքը կարող է որոշակի ճնշում զգալ թուրքական, այսպես ասած, համերաշխության աճից: Սա կարող է Տաջիկստանի իշխանություններին մղել այլընտրանքային դաշնակիցներ փնտրելու՝ հավասարակշռելու Թուրքիայի և այլ թուրքական երկրների ազդեցությունը: Հայաստանը կարող է Տաջիկստանին առաջարկել խորացնել տնտեսական և մշակութային համագործակցությունը, ինչպես նաև զարգացնել դիվանագիտական հարաբերությունները՝ հիմնված տարածաշրջանում բազմաբևեռության պահպանման ընդհանուր շահի վրա։
Երկրորդ՝ Տաջիկստանի հետ համագործակցությունը կարող է օգտակար լինել նաև Հայաստանի համար՝ Ադրբեջանի հետ ունեցած բարդ հարաբերությունների համատեքստում։ Տաջիկստանը, առանց թուրքական համերաշխության մեջ ներգրավվելու, կարող է գրագետ չեզոք դիրք գրավել այս հակամարտություններում կամ նույնիսկ հանդես գալ որպես միջնորդ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում, որոնցում ներգրավված է նաև Ռուսաստանը: Դուշանբեն մի շարք ռազմավարական հարցերում առանցքային դեր է խաղում Մոսկվայի համար։ Այս առումով, նրա հավասարակշռված դիրքորոշումը ՀԱՊԿ-ում Հարավային Կովկասի դաշնակցի հարցերում կկարողանա գոնե որոշակի ազդեցություն ունենալ տվյալ դաշինքի անդամ Ռուսաստանի վարքագծի վրա՝ ի շահ Հայաստանի։ Այլ կերպ ասած, Տաջիկստանը կարող է աջակցել Հայաստանի դիրքորոշմանը Եվրասիական միությունում և ՀԱՊԿ-ում, եթե Հայաստանը կարողանա արդյունավետ ռազմավարական գործընկերություն կառուցել նրա հետ։ Այս համագործակցության արդյունավետությունը զգալիորեն կբարձրանա, եթե Երևանն այն իրականացնի գործընթացին Թեհրանի ներգրավմամբ։
Տնտեսական տեսակետից Տաջիկստանը, որպես զարգացող, առավել ևս, ժողովրդագրական տեսակետից երկիր (1991 թվականից ի վեր երկրի ազգաբնակչությունն աճել է 88 տոկոսով), նույնպես կարող է շահագրգռված լինել Հայաստանի հետ կապերի ամրապնդմամբ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ՏՏ, գյուղատնտեսությունը և այլն, որտեղ Հայաստանը որոշակի դրական փորձ ունի։ Տնտեսական կապերի խորացումը կարող է հիմք ստեղծել երկարաժամկետ գործընկերության համար, որը կօգնի Հայաստանին Ուզբեկստանին զուգահեռ ունենալ երկրորդ ռազմավարական դաշնակիցը Կենտրոնական Ասիայում:
Եզրակացության փոխարեն՝ Թամերլանիզմի գաղափարախոսությունը կարող է դառնալ տարածաշրջանային հավասարակշռությունը փոխելու գործիք, սակայն դրա արդյունավետությունը կախված կլինի նրանից, թե որքանով Հայաստանը և հայկական սփյուռքը կկարողանան օգտագործել փափուկ ուժը և մշակութային դիվանագիտությունը՝ խուսափելով բացահայտ հակամարտություններից և սադրանքներից։ Ուզբեկստանի դերի ամրապնդումը` ընդգծելով նրա պատմական ժառանգությունը, կարող է օգտակար քայլ լինել, սակայն այն պետք է լինի ավելի լայն ռազմավարության մաս, որը ներառում է բազմավեկտոր դիվանագիտության զարգացում և տարածաշրջանային այլ խաղացողների հետ համագործակցության ընդլայնում։
Եթե Հայաստանը կարողանա Տաջիկստանին առաջարկել համագործակցության գրավիչ տարբերակներ, որը հնարավոր է, դա կարող է օգնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության ձևավորմանը և Թուրքիայի ազդեցության մակարդակի նվազեցմանը: Ավելին, հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի հետ Տաջիկստանի սերտ հարաբերությունները, Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները արդյունավետորեն օգտագործելու այդ կապերը բազմակողմ կոալիցիաներ ստեղծելու համար, որտեղ Տաջիկստանը հանդես կգա որպես դաշնակից այն հարցերում, որոնք դեմ են թուրքական ազդեցության ընդլայնմանը: Իրանի և Ռուսաստանի հետ համատեղ նախագծերը կարող են ավելի ամրապնդել այս գործընկերությունը և մեծացնել Տաջիկստանի նշանակությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ, ինչը կբխի և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի շահերից:
#Հայաստան