24 թվականի սկզբին BRICS-ի անդամ երկրների թիվը հինգից (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) աճել է մինչև ինը։ Իրանի, Եգիպտոսի, Եթովպիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ավելացումը 2006 թվականին հիմնադրված դաշինքի երկրորդ ընդլայնումն էր, որին դեռևս 2010 թվականին միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը։
Ընթացիկ ընդլայնումից հետո սկսեց օգտագործվել «BRICS+» հապավումը: Նրա ընդլայնման գործընթացն այսքանով կանգ չի առնի՝ մասնակիցների թիվը շուտով կարող է երկնիշ թվի հասնել։ Ներկայումս միանալու հայտ են ներկայացրել Մալայզիան, Թաիլանդը և Ադրբեջանը։ Սեպտեմբերի սկզբին Թուրքիան նույնպես պաշտոնապես հայտնեց դաշինքի մաս դառնալու իր ցանկության մասին։
Անկարայի դիմումն անակնկալ չէր՝ երկրի նախագահ Էրդողանը բազմիցս հայտարարել է «BRICS»-ին միանալու Թուրքիայի ցանկության մասին: Նրա արտաքին գործերի նախարար (հետախույզ) Հաքան Ֆիդանը հաստատել է այս քաղաքական մտադրությունները հունիսին Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում տեղի ունեցած «BRICS+» երկրների նախարարների խորհրդի նիստում: Ռուսաստանն անմիջապես հասկացրեց, որ պաշտպանում է Թուրքիայի թեկնածությունը։ Եթե Անկարան դառնա «BRICS»-ի անդամ, դա կլինի դաշինքի առաջին պետությունը, որն անդամակցում է և՛ ՆԱՏՕ-ին, և՛, առնվազն ֆորմալ առումով, շարունակում է մնալ ԵՄ անդամակցության թեկնածու:
Այս քայլն ընդգծում է արտաքին և անվտանգության քաղաքականության մեջ Թուրքիայի ինստիտուցիոնալ կապերի աճող բազմազանությունը:
«BRICS»-ին միանալն արտացոլում է Էրդողանի ցուցադրած մտադրությունը՝ իրականացնել այլընտրանքային արտաքին քաղաքականություն՝ առանց Արևմուտքի կամ Եվրոպայի հանդեպ պարտավորություններով կաշկանդված զգալու:
Այնուամենայնիվ, «BRICS+»-ն ինքը դեռ չունի պաշտոնական կառույցներ։ Բացի այդ, չկան համակարգված գործողությունների միասնական կանոններ և չափորոշիչներ, օրինակ՝ արտաքին առևտրի ոլորտում և այլն։ Իհարկե սա ժամանակի խնդիր է, որը ամենայն հավանականությամբ տեսանելի ապագայում իր լուծումը կստանա։
Բոլոր պարագաներում, «BRICS»-ին անդամակցելը Թուրքիայի համար նոր հնարավորություններ կբացի հատկապես ֆինանսական ոլորտում։ Անդամ երկրներին հասանելի է 2014 թվականին հիմնադրված Զարգացման նոր բանկը, որն իրեն այլընտրանք է համարում արևմտյան ֆինանսական կառույցներին, ինչպիսիք են Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը: Համագործակցության ֆինանսական ասպեկտը կարող է ավելի ընդլայնվել։ «BRICS» երկրներն ավելի ու ավելի են ձգտում առևտուր անել և ներդրումներ կատարել ազգային արժույթներով՝ շրջանցելով ԱՄՆ դոլարը:
Չինաստանի գործոնը
«BRICS+»-ին միանալու Թուրքիայի ցանկությունը ընդգծում է Անկարայի և Պեկինի միջև տնտեսական կապերի ամրապնդումը։ 2016 թվականից սկսած Թուրքիայի և Չինաստանի կենտրոնական բանկերի միջև գործում է արժույթի փոխանակման պայմանագիր։ Ֆորմալ առումով այն ուղղված է ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների դերի բարձրացմանը, սակայն գործնականում խոսքը Պեկինից Անկարային բազմամիլիարդանոց ֆինանսական օգնության մասին է, որը Թուրքիային թույլ է տալիս այսպես ասած «շունչ քաշել» և փորձել կայունացնել տնտեսությունը՝ մեծացնելով սեփական արտարժութային պահուստները։ 2024 թվականի հուլիսին էլեկտրական մեքենաներ արտադրող չինական «BYD» հսկան հայտարարեց Թուրքիայում ավելի քան միլիարդ դոլարի ներդրման մասին։ Երկրում կկառուցվի գործարան, որը կկարողանա տարեկան արտադրել 150 հազար էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենա։ Բացի այդ, «BYD»-ը նախատեսում է Իզմիր քաղաքի մոտակայքում բացել հետազոտական և զարգացման կենտրոն։ Այս քայլն անկասկած հաջողություն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական քաղաքականության համար:
Չինական «BYD»-ի ներդրումները ընդգծում են Թուրքիայի ընդգրկվածությունը Չինաստանի համաշխարհային աշխարհաքաղաքական արդյունաբերական ռազմավարության մեջ:
Միևնույն ժամանակ նրանք ուժեղացնում են Թուրքիայի դերը և ցուցադրում նրա ռազմավարական ճկունությունը՝ բացելով Անկարայի համար նոր ինստիտուցիոնալ հնարավորություններ, ինչպիսին է «BRICS+»-ը։
Անկարայի աճող աշխարհաքաղաքական ինքնագիտակցությունը
Բացի «BRICS+»-ին Անկարայի հնարավոր անդամակցությունից, Թուրքիան ակտիվորեն քայլեր է ձեռնարկում համագործակցության այլ - ոչ արևմտյան - ձևաչափերի հետ մերձենալու ուղղությամբ, ինչպիսին է Շանհայի Համագործակցության Կազմակերպությունը (SCO): Այս մոտեցումը համահունչ է Թուրքիայի աշխարհաքաղաքական ինքնորոշման և ինքնագիտակցության հետ:
Ավելին, Թուրքիայի սպառազինության աճող ազդեցությունն արտահայտվում է Լիբիայում, կենտրոնական Աֆրիկայի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ռազմական և ռազմաքաղաքական ակտիվ միջամտությամբ։
Բացի այդ, Թուրքիային մինչ օրս հաջողվում է դիվանագիտական և պաշտպանական արդյունավետ կապեր պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Երկկողմ առևտրի ավելացումը, ներառյալ Ռուսաստանից էներգիայի արտահանման ավելացումը, և Թուրքիայի միջնորդական աջակցությամբ ռուսական պաշտպանական արտադրության համար երկակի նշանակության ապրանքների արտահանման ապացույցները (օրինակ՝ կիսահաղորդիչները և այլն) օգնում են Մոսկվային շրջանցել արևմտյան պատժամիջոցները: Միևնույն ժամանակ, Թուրքիան աջակցում է Ուկրաինային՝ անօդաչու թռչող սարքեր մատակարարելով։
Չնայած բարձր գնաճի և ազգային արժույթի անկայունության հետևանքով առաջացած քաղաքական բևեռացմանն ու սոցիալական ցնցումներին, Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարությունը վերջին տարիներին թույլ է տվել նրան ամրապնդել իր միջազգային դիրքերը, հատկապես աֆրիկյան երկրների, թյուրքական պետությունների, Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններում։ Պլանավորված մուտքը «BRICS»-ի ընդլայնված դաշինք աջակցում է այս ռազմավարությանը:
Թուրքական դիվանագիտությունը վերջին տարիներին ակտիվորեն հող է նախապատրաստում «BRICS»-ի հնարավոր անդամակցության համար, ինչը ներառում է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդումը և Հարավային Կովկասում Թուրքիայի դերի բարձրացումը, առնվազն 2020 թվականի վերջից՝ Հայաստանի դեմ մղված պատերազմը իր համար արդյունավետ իրականացնելով և Երևանին, իբրև տարածաշրջանային գործոն, չեզոքացնելով։
Հիշեցնենք, որ «BRICS+»-ի անդամ ինը երկրները կհավաքվեն Կազանում 2024 թվականի հոկտեմբերի 22-ից 24-ը կայանալիք գագաթնաժողովում, որին կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Այնուամենայնիվ, 2024 թվականին ընդունված նոր անդամների ինտեգրումը ժամանակ է պահանջելու, որն ամենայն հավանականությամբ հայտ ներկայացնողները ունեն։
#Թուրքիա #Թուրան #Ռուսաստան #Հայաստան #BRICS