Անդադար հակամարտություն. Երևանի վրիպումները և չգնահատված պատմություն

Երկար տարիներ Երևանի ուշադրությունից վրիպեց, սեփական «հնացած» բանակի դեմ մոտ երկու տասնամյակ շարունակ մղվող Էրդողանի (առնվազն մինչ օրս) հաջողված պայքարը։ Դրա փոխարեն Երևանում և նաև հայկական սփյուռքում էպիզոդիկ կերպով և մամուլում հրապարակվող նյութերի մակարդակով կենտրոնացան 2016 թվականի անհաջող հեղաշրջման և Էրդողանին ֆիզիկապես հեռացնելու անհաջող փորձի վրա։ Երևի Երևանի ոստիկանական գնդի վրա հարձակումը ավելի կարևոր էր Հայաստանի և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության, և՛ «Սասնա Ծռերի» օգտին Արևմուտքի քաղաքներում ցույցեր անող հայկական սփյուռքի համար։

Ինչևէ, Էրդողանի օրոք վերջին երկու տասնամյակների ընթացքում Թուրքիայում եղել են ավելին, քան հարյուրավոր գեներալների և բարձրաստիճան սպաների ձերբակալություններն ու պաշտոնանկությունները՝ բանակի զտումները սկսվել են 2016 թվականի ձախողված հեղաշրջումից շատ առաջ. միայն հիշեք «Էրգենեկոն»-ի գործը և այլ իրադարձություններ:  

Գլխավորն այն է, որ Էրդողանին հաջողվեց արմատապես բարեփոխել երկրի զինված ուժերի ողջ կառուցվածքը, այդ թվում նաև կադրային կառուցվածքը ոչ միայն բանակի այսպես ասած «դասական», այլ նաև պետական անվտանգության և ռազմական հետախուզական ծառայության ստորաբաժանումներում։ Երկար ավանդույթներ ունեցող բոլոր բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ դեռևս Օսմանյան կայսրության տարիներին հիմնված Ռազմածովային ակադեմիան (1773) և Ռազմական ակադեմիան (1834) լուծարվեցին։ Այդ ամենի փոխարեն ստեղծվեց Ազգային ռազմական համալսարան, որը ղեկավարում էր քաղաքացիական պատմաբան Էրքան Աֆիոնջուն՝ ռազմական միջավայրից շատ հեռու մարդ։ 

Հատկանշական է, որ Էրդողանի օրոք այս գլխավոր զինվորական ուսուցիչը ատենախոսություն է գրել Ղրիմի պատմության վերաբերյալ։

Բարեփոխումների արդյունքում ռազմական ոստիկանությունն ու սահմանապահ ծառայությունները դուրս բերվեցին բանակի վերահսկողությունից և անցան Ներքին Գործերի նախարարության ենթակայությանը։  

Ռազմարդյունաբերական համալիրի բոլոր ձեռնարկությունները, որոնք նախկինում գտնվում էին բանակի վերահսկողության տակ, այժմ գտնվում են անմիջականորեն երկրի Կառավարության ենթակայության ներքո։  

Առողջապահության նախարարության ենթակայության տակ էին անգամ զինվորական հոսպիտալներն ու Ռազմաբժշկական ակադեմիան։   Արդյունքում, շուրջ չորս հազար ռազմական բժիշկներ ու բուժաշխատողներ հեռացվեցին աշխատանքից։ Սակայն բժիշկների կրճատումները զտումների միայն չնչին մասն էին կազմում։  
2016 թվականին Թուրքիայի զինված ուժերից պաշտոնանկ է արվել մոտ 600 գնդապետ, որն այդ պահին կազմում էր բանակի գնդապետների ընդհանուր թվի մոտ 10%-ը։

Զտումները նշանակում են ոչ միայն ձերբակալություններ և աշխատանքից ազատումներ, այլ նաև կարիերայի նոր հնարավորությունների ի հայտ գալ: Հին բարձրաստիճան սպաներին փոխարինեցին այլ հայացքներ ունեցող և «նոր» Թուրքիային համապատասխանող երիտասարդները։ 
Այս բարդ գործընթացը Թուրքիայի համար ունի իհարկե և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ։ Թե ինչ կստացվի սրանից ի վերջո, մնում է սպասել:

Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ Էրդողանի լայնածավալ, ժամանակ առ ժամանակ ագրեսիվ բարեփոխումների (կամ զտումների) արդյունքում, դեռևս Աթաթուրքի տարիներին իշխանության եկած և արմատացած արևմտամետ հետևորդների ստեղծած թուրքական բանակը լիակատար վերափոխվեց։

Իսկ այդ տարիներին՝

Երևանը, համագործակցելով ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում (և ոչ միայն), շարունակում էր «զարգացնել» ժողովրդավարությունը, և համագործակցելով ՆԱՏՕ անդամ երկրների հետ, «կատարելագործում էր» իր բանակի խաղաղապահ հնարավորությունները,
Ստեփանակերտը, Արևմտյան երկրներում գործող սփյուռքի հետ համագործակցելով, ավելացնում էր տվյալ երկրներում «բարեկամական խմբերի»  քանակը՝ ընդլայնելով «միջազգային կապերը»։

Արդյունքում, 2018 թվականին հայկական «ժողովրդավարությունը», նաև սփյուռքի գերակտիվ աջակցությամբ, իրականացրեց իշխանափոխություն, որին ուղղակիորեն միացան Արևմուտքում դասընթացներ անցած «խաղաղապահների» գնդի զինվորականները։ Իսկ այդ ամենին հետագայում իրենց քաղաքացիական ակտիվությամբ և «թավշյա իշխանության» ցույցերին ակտիվ մասնակցությամբ բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերեցին «միջազգային հարաբերությունները զարգացրած» միամիտ շարքային արցախցիները։

Վերջիվերջո անհրաժեշտ է՝ ճիշտ ընկալել անցած ճանապարհը, դասեր քաղել սխալներից և առաջ շարժվել։

 

#Armenia #Turkey