ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Հաշվի առնելով աշխարհագրական (տարածքային), դեմոգրաֆիկ և ֆինանսատնտեսական առումներով Հայաստանի ռեսուրսների խիստ սահմանափակ լինելը, հայկական պետականության առջև ծառացած կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ մարտահրավերները, 1991 թվականի անկախությունից ի վեր երկրին պարտադրված և շարունակական պատերազմական իրավիճակը, չափազանց բարձր նշանակություն են ստանում գործադիր իշխանության գործունեության արդյունավետությունը, պետական իշխանությունների և երկրի ազգաբնակչության սերտ համագործակցությունը, երկրի ողջ ներուժի կենտրոնացումը:

Օր առաջ անհրաժեշտ է պատասխան գտնել ամենակարևոր հարցերին, դրանք են՝ «որտե՞ղ է կանգնած» հայկական պետականությունը և «ո՞ր ուղղությամբ» պետք է նա շարժվի:

Սկզբնական քայլերի մշակման և նրանց համակարգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել ՀՀ հետախուզական, ներքին և արտաքին անվտանգության, արտաքին քաղաքականության, երկրի տնտեսական զարգացման համար անմիջականորեն պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների լավագույն մասնագետներից բաղկացած Հայկական Ազգային Վերլուծական Կենտրոն (այսուհետ՝ ԿԵՆՏՐՈՆ):

ԿԵՆՏՐՈՆԻ գործունեությունը պետք է դասակարգված լինի երկու հիմնական մասերից. փակ և բաց՝ ելնելով հետազոտման/վերլուծման ենթակա թեմայի կարևորության, ծավալի և գաղտնիության աստիճանից: Պետական գաղտնիք պարունակող նյութերի հետ աշխատելու պարագայում հանձնաժողովի անձնակազմը պետք է համալրված լինի բացառապես ՀՀ ուժային և իրավապահ մարմինների ներկայացուցիչներից:

ԿԵՆՏՐՈՆԸ պարտավոր է ի սկզբանե վերլուծել և գնահատել Հայաստանի ներուժը (մարդկային առկա ռեսուրսները, դեմոգրաֆիկ աճի հեռանկարները, միգրացիոն գործընթացները և նրանց ազդեցությունը Հայաստանի ազգաբնակչության «բովանդակության» վրա, ազգաբնակչության առողջական վիճակը և ինտելեկտուալ ներուժը, նյութական ռեսուրսները, այդ թվում՝ բնական հանածոները և նյութական արժեքների ստեղծման ներուժը՝ ելնելով մարդկային ներուժից) և Հայաստանի խնդիրները (արդի ժամանակահատվածի խնդիրները, կարճաժամկետ կամ տեսանելի ապագայում սպասվող խնդիրները, միջնաժամկետ ապագայում սպասվող կամ ակնկալվող խնդիրները և ռազմավարական ապագայում սպասելի մարտահրավերները):

ԿԵՆՏՐՈՆԸ պետք է նաև պատասխաններ գտնի, թե.

1. ո՞ր երկիրն է (միջազգային կազմակերպությունն է) հանդիսանում կամ, համապատասխան իրավիճակի ստեղծման պարագայում, կարող է հանդիսանալ Հայաստանի փաստացի կամ պոտենցիալ թշնամին և ինչ վնասներ կարող է հասցնել հայկական պետականությանը, և

2. ո՞ր երկիրն է (միջազգային կազմակերպությունն է) հանդիսանում կամ, համապատասխան իրավիճակի ստեղծման պարագայում, կարող է հանդիսանալ Հայաստանի փաստացի կամ պոտենցիալ բարեկամը կամ դաշնակիցը և կոնկրետ ինչով, ինչ ծավալներով և որ պարագաներում կարող է նա աջակցել հաղթահարել հայկական պետականության առջև ծառացած մարտահրավերները, չեզոքացնել փաստացի կամ թե պոտենցիալ թշնամուն կամ նվազեցնել նրանից բխող հնարավոր կամ փաստացի վտանգը:

Վերը նշված կետերով թվարկված հարցերը վերլուծելուց և նրանց վերաբերյալ կարծիք ձևավորելուց հետո ԿԵՆՏՐՈՆԸ Հայաստանի Անվտանգության խորհրդի միջոցով ՀՀ վարչապետի աշխատակազմին է ներկայացնում.

1. Արտաքին քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացման առաջարկներ:

Ելնելով Հայաստանի մարդկային (մասնագետների քանակի խիստ սահմանափակ լինելը) ներուժը և պետականության առջև կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով ծառացած մարտահրավերները, նպատակահարմար է ընդլայնել որոշ պետությունների հետ երկկողմ կապերը՝ ավելացնելով ՀՀ դեսպանատների աշխատակիցների քանակը և ներգրավելով այնտեղ տնտեսական բաժիններ: Դրա փոխարեն որոշ երկրներից կարելի է ուղղակի «հեռանալ»՝ այնտեղ անիմաստ վատնվող մարդկային ռեսուրսներն ուղղելով այլ երկրների հետ կապերի արդյունավետության բարձրացմանը: Այլ կերպ ասած, նպատակահարմար է որոշ երկրներում ընդհանրապես փակել ՀՀ դեսպանատները, իսկ այնտեղ «մաշվող» դիվանագետներին ներգրավել աշխատանքի այլ երկրներում, կամ Հայաստանի մայրաքաղաքում: Իսկ ՀՀ արտաքին անվտանգության մակարդակի բարձրացման և առհասարակ ռազմաքաղաքական զարգացման համար որոշ գործընկեր (դաշնակից) երկրներում խիստ նպատակահարմար է ընդլայնել ՀՀ ռազմական կցորդների լիազորությունները՝ ստեղծելով ռազմական կցորդին ենթակա աշխատակազմ, որը պետք է համագործակցի երկրի արտաքին հետախուզական համակարգի հետ:

2. Ներքին անվտանգության քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացման առաջարկներ:

Այս ոլորտն իր մեջ կպարունակի նաև ներպետական տեղեկատվական անվտանգությանը վերաբերող հարցերը, այն է՝ տպագիր և թվային, ինչպես նաև հեռարձակման միջոցով տարածվող տեղեկատվության նկատմամբ վերահսկողության հարցերը, ի շահ հասարակական և պետական կառավարման անվտանգության բարձրացմանը:

3. Գիտակրթական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացում և ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկներ:

Հաշվի առնելով երկրի տնտեսության արդի իրավիճակը և նրա (կարճաժամկետ ու միջնաժամկետ կտրվածքում) զարգացման հեռանկարները հավանաբար կարիք կառաջանա կենտրոնացնել ուշադրությունը որոշ մասնագիտությունների որակի և ուսումնական տեղերի աճի վրա: ՀՀ գիտակրթական համակարգը պիտի հնարավորինս կարճ ժամանակահատվածում այնպիսի փոփոխությունների ենթարկվի, որպիսի ի վիճակի լինի ներպետական մարդկային առկա ռեսուրսներից ապահովել երկրի պարենային, տեղեկատվական և ռազմաքաղաքական անվտանգության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, առողջապահական և էներգետիկ համակարգերի բարելավմանն ուղղված խնդիրների լուծման համար անհրաժեշտ քանակությամբ պիտանի կադրեր:

#Հայաստան #Բնագիծ

P.S. Հոդվածի այս տաբերակը վերջին անգամ վերամշակվել էր 2022 թվականի հոկտեմբերի 29-ին և հրապարակվել Facebook-ում: Այսօր՝ ուղիղ 2 տարի անց, այն հրապարակում եմ կրկին: