Երուսաղեմի ռազմական ակտիվության համատեքստում Մոսկվայի և Վաշինգտոնի հնարավոր օգուտները

Լայնածավալ պատերազմը կամ քաոսը կարող է ձեռնտու լինել Մոսկվային հետևյալ պատճառներով: Հավաքական Արևմուտքը չի կարողանա արդյունավետ գործել երկու ճակատով և ժամանակավորապես երկրորդ պլան կարող է մղել Ուկրաինային, ինչը Մոսկվային հնարավորություն կտա օգտվել իրավիճակից, հատկապես ծանր մարտերից հետո սպառված ուկրաինական ուժերի, Կուրսկի գործողության ընթացքում տեխնիկայի և անձնակազմի զգալի կորուստների, ինչպես նաև Դոնբասում Կիևի մարտավարական ձախողումների ֆոնին։ Նման պայմաններում Ուկրաինան դժվար թե կարողանա համարժեք կերպով դիմակայել ռուսական ճնշմանը։

Պատերազմի պատճառով առաջացած քաոսը կարող է հրահրել էներգակիրների, մասնավորապես, նավթի և գազի գների աճ։ Սա բացասաբար կանդրադառնա Եվրոպական Միության տնտեսության վրա, մինչդեռ Ռուսաստանը, ընդհակառակը, տնտեսական օգուտներ կստանա թանկացումներից։ Բացի այդ, Մոսկվան կարող է քաղաքական դիվիդենտներ քաղել։ Իրանը, հայտնվելով մի տեսակ «մահացու փակուղու» մեջ, կախվածության մեջ կմտնի Մոսկվայի դիրքորոշումից և պատրաստ կլինի «հարմարվել» Եվրասիական հարցերի և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցում Մոսկվային հաճելի տարբերակների հետ։

Ռուսաստանի համար քաղաքական օգուտների մեկ այլ աղբյուր կլինի նաև Թուրքիան, որը սրում է իր հակաիսրայելական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է Իսրայելի և առհասարակ ողջ Արևմուտքի հետ նրա հարաբերությունների վատթարացման։ Այս համատեքստում, Անկարայի թշնամական հռետորաբանության և Իսրայելի դեմ պատերազմին Իրանի անմիջական մասնակցության ֆոնին, Բաքուն, որը լավ հարաբերություններ է պահպանում Երուսաղեմի հետ, կհայտնվի «աշխարհագրական փակուղում», ինչը նույնպես ձեռնտու է Մոսկվային, քանզի այս իրողությունն Ադրբեջանին կստիպի ավելի շատ լսել Մոսկվային, քանի որ նրա մանևրելու հնարավորությունը զգալիորեն կկրճատվի։

🇺🇲 Այսօր ԱՄՆ-ում և՛ ընդդիմադիր հանրապետականները, և՛ իշխանական դեմոկրատները հոգնել են ուկրաինական թեմայից։ Հիմնական խնդիրն այն է, որ հասարակությունը, որը քվեարկելու է նոյեմբերի սկզբին, այլևս չի ընկալում «Կիևին փրկելու» թեման։ Ուստի 2025 թվականի բյուջեում, որի վերջնական քննարկումը նախատեսված է մոտ ապագայում, դժվար թե նոր միլիարդներ հատկացվեն Կիևում «ժողովրդավարությունը պաշտպանելու համար»։ 

Այնուամենայնիվ, Բայդենի վարչակազմին անհրաժեշտ են այդ միլիարդները, այն էլ նրանց վատման նկատմամբ առանց որևէ վերահսկողության:

Այս ֆոնին Մերձավոր Արևելքում քաոսն ու առավելագույն էսկալացիան իդեալական են նոր միլիարդներ պետական բյուջեում նախատեսելու և դուրս գրելու համար։ 
ԱՄՆ Կոնգրեսում ոչ ոք չի համարձակվի կասկածի տակ դնել Իսրայելը պաշտպանելու համար միջոցներ հատկացնելու անհրաժեշտությունը, քանի որ Իսրայելի անվտանգության ապահովումը ԱՄՆ-ի համար «սուրբ խնդիր է։» Ե՛վ հանրապետականները, և՛ դեմոկրատները կքվեարկեն ցանկացած ծախսերի օգտին, երբ խոսքը վերաբերի հրեական պետության ապագային:
Եթե Կոնգրեսը հաստատի Իսրայելին ռազմական օգնության բյուջեի կետերը, Բայդենի վարչակազմը ժամանակ կունենա այդ միջոցների զգալի մասը ծախսելու (յուրացնելու) մինչև 2025 թվականի հունվարի կեսերը, նույնիսկ եթե Թրամփը հաղթի նոյեմբերին, քանի որ Բայդենը մնում է լիիրավ նախագահը մինչև  նորի երդմնակալությունը:

Որպեսզի ոչ ոք կասկածի տակ չդնի Իսրայելի գոյությանը սպառնացող վտանգի լրջությունը, Թեհրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ արձակեց ընտրյալ ազգի պետության ուղղությամբ։  Նույնիսկ եթե գործնականում էական ավերածություններ և զոհեր չգրանցվեցին, գլխավորն այն է, որ հրթիռները թռան, և սոցիալական ցանցերում մենք բոլորս տեսանք վախեցած անմեղ մարդկանց Իսրայելի քաղաքներում և պայթյունների կադրեր, որոնք «պատահաբար» հայտնվեցին համացանցում:

Վաշինգտոնը նույնպես կշահի, եթե էներգակիրների գները բարձրանան։ ԱՄՆ-ի տնտեսությունը դրանից չի տուժի, ընդհակառակը, Եվրոպայում կաճի ամերիկյան հեղուկ գազի պահանջարկը։ 

Գների աճը մեծ հարված կհասցնի Եվրամիությանը, ինչը ձեռնտու է Վաշինգտոնին ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական առումով։  Բրյուսելն ու նրան ենթակա եվրոպական մայրաքաղաքներն էլ ավելի մեծ կախվածության մեջ կընկնեն Վաշինգտոնից։

Իսրայելի ռազմական ակտիվությունը Վաշինգտոնին կարող է բերել այլ օգուտներ, ինչպես նաև ռիսկեր, սակայն դրանց մասին մենք կխոսենք ավելի ուշ և միայն նրա անհրաժեշտության դեպքում: