Հոդվածը գրվել է 2023 թվականի մայիսի 9-ին
ՄԱՍ I. Եռակողմ Հայտարարության առաջնային նպատակը
Մոսկվայի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրապարակվեց նոյեմբերի 10-ի ժամը 00:00-ից ուժի մեջ մտնող զինադադարի մասին հայտարարություն (այնուհետ՝ Հայտարարություն), որը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից:
Հայտարարության առաջնային նպատակը հանդիսանում էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած լայնամասշտաբ պատերազմական գործողությունների դադարեցնումը: Ես նշում եմ «մեկնարկած», քանի որ Հայտարարության համար կապ չունի, թե ով է հարձակվել, էականը ռազմական ակտիվ գործողությունների ավարտն է:
Այս Հայտարարությունում Մոսկվան միջնորդի կարգավիճակ ունի, սակայն ստանձնում է նաև որոշակի պարտականություններ, իսկ կողմերը հանդիսանում են պաշտոնական Երևանը և Բաքուն: Այս դրույթն ամրագրված է Հայտարարության 1-ին կետում. «2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:
ՄԱՍ II. Հայտարարության առաջնային նպատակի իրականացումը. Ռուսաստանի Դաշնության հիմնական պարտականությունները
Զինադադարի հաստատման և նրա նկատմամբ վերահսկողության նպատակով տարածաշրջան ուղարկվեցին ռուսական խաղաղապահ ուժեր, ինչն ամրագրված է Հայտարարության 3-րդ կետում և իրականացվել է բացառապես ռուսական կողմի ջանքերով, ֆինանսավորմամբ և ներուժով. «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա»:
Հայտարարության 4-րդ կետով սահմանված է նաև խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետները. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով, որն ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»: Հետևաբար, որոշ աղբյուրներում հրապարակվող այն տեսակետները, որ ռուսական զորքը կլքի Արցախը մինչև 2025 թվականը, աղերս չունեն իրականության հետ և չեն բխում Հայտարարության ոգուց և հանդիսանում են տվյալ տեսակետը հրապարակողի երևակայությունները:
Զինադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով Հայտարարության 5-րդ կետով սահմանվեց խաղաղապահ կենտրոնի ստեղծում:
Ինչպես նկատեցինք, Ռուսաստանի Դաշնության հիմնական պարտականություններն ամրագրված են Հայտարարության 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում, որոնք ըստ էության ամբողջությամբ իրականացված են: Միգուցե ոչ 100 տոկոսանոց արդյունավետությամբ, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից առայսօր Արցախում ադրբեջանական քայլերի հետևանքով զոհվել են Արցախում բնակվող բազմաթիվ հայեր: Սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարում Հայտարարությամբ իր վրա ստանձնած պարտականությունները: Որպիսի իմ արտահայտած այս տեսակետն ավելի ընկալելի լինի, պետք է պարզապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 07:15-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում Արցախում գրանցված հայկական զոհերի և բնակավայրերի կորուստների քանակը համեմատել 2020 թվականի նոյեմբերի 10-ից առայսօր գրանցված հայկական զոհերի և բնակավայրերի կորուստների հետ:
ՄԱՍ III. Արցախի Հանրապետության տարածքների հանձնումը և դրա հետևանքները
1. Հարցի անվտանգային բաղադրիչը
«44-օրյա պատերազմի» ընթացքում Արցախի Հանրապետությունը կորցրեց Հադրութի շրջանն ամբողջովին, Մարտունու և Մարտակերտի շրջանների աննշան հատվածներ, Քաշաթաղի և Շուշիի շրջանների զգալի տարածքներ, ներառյալ ռազմավարական, պատմամշակութային և բարոյահոգեբանական ահռելի նշանակություն ունեցող Շուշի քաղաքը: Իսկ զինադադարի հաստատումից հետո ադրբեջանական կողմին հանձնվեցին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի արևելյան հատվածը՝ ներառյալ ռազմավարական նշանակություն ունեցող Անկա քաղաքը, հայկական բանակի կողմից արդյունավետ պաշտպանված Շահումյանի շրջանը և Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածը՝ ներառյալ Բերձոր քաղաքը: Այսպես, Հայտարարության 2-րդ կետ. «Աղդամի շրջանը վերադարձվեց Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը» և Հայտարարության 6-րդ կետի առաջին պարբերության առաջին նախադասություն. «Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը»:
Փաստորեն, առանց որևէ լուրջ և ծանրակշիռ երաշխիք հանդիսացող միջպետական կամ միջազգային իրավական պայմանագրի, ադրբեջանական կողմին հանձնվեցին տարածքներ, որոնք Արցախի և Հայաստանի Հանրապետության համար գոյաբանական անվտանգության նշանակություն ունեին: Հանձնելով վերը նշված տարածքներն Ադրբեջանի հետ Հայաստանի արևելյան սահմանի երկարությունը 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ սկսեց կազմել մոտ 566 կմ (չհաշված 1991 թվականից գոյություն ունեցող Նախիջևանի հետ 221 կմ երկարության սահմանը)։
Մինչ այդ հայ-ադրբեջանական սահմանի երկարությունը զգալիորեն կրճատված էր՝ հայկական Սոթք բնակավայրից մինչև հայ-իրանական սահման հայկական զորքեր չկային, որովհետև Հայաստանի Հանրապետությանը պետք չէր անհանգստանալ նշված հատվածում սեփական պետության սահմանի անվտանգության համար։ Արցախի պաշտպանության բանակի հետ մեկտեղ Հայաստանը կառուցել էր իր անվտանգության համակարգը Ադրբեջանի և Արցախի միջև արևելյան սահմանի (շփման գծի) երկայնքով։ Այսինքն, շուրջ 30.000 (Հայաստան) և մոտ 12.000 քառակուսի կիլոմետր (Արցախ) տարածքներում գործում էր անվտանգության միասնական համակարգ:
Այլևս Երևանը պետք է ապահովի Սոթքից մինչև Իրանի սահման ընկած սեփական սահմանը, իսկ Արցախը՝ իր արևմտյան ողջ սահմանը:
2. Հարցի իրավական բաղադրիչը
Եթե մինչ «44-օրյա պատերազմը» Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնում էր տեսակետ, որ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքների հետ ինքը կապ չունի և այն վերահսկում է բացառապես՝ իբրև Արցախի Պաշտպանության բանակին աջակցություն և Արցախի հայության ֆիզիկական անվտանգության երաշխավորում, ապա Հայտարարության առնվազն 6-րդ կետի առաջին պարբերության առաջին նախադասությամբ «Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է...» պաշտոնական Երևանը առնվազն անուղղակի խոստովանեց, որ այդ տարածքներն իր տնօրինության կամ առնվազն վերահսկողության ներքո են գտնվում և ինքն իրավասու է կամ առնվազն ի վիճակի է որոշել՝ հանձնել այն Ադրբեջանին թե՝ ոչ: Այս քայլը հակասում էր հայկական դիվանագիտության կողմից տասնամյակներ շարունակ վարած մարտավարությանը՝ հարված հասցնելով նաև հայկական ազգային շահերին:
Այս քայլը ծանր հարված հասցրեց նաև պաշտոնական Ստեփանակերտի սուբյեկտայնությանը, քանի որ Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն իրեն պատկանող տարածքներն Ադրբեջանին է հանձնում մեկ այլ երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը: Իրավիճակն ինչ որ մի կերպ շտկելու նպատակով Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը 2021 թվականի մարտի 1-ին ընդունեց «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» հայտարարություն, որում նշված է.
«Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից, Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում»: Այսինքն, Արցախի Հանրապետության իշխանությունները 2020 թվականի աշնան պատերազմի և անմիջապես դրանից հետո տեղի ունեցած զարգացումների հետևանքով «գծված» քարտեզը լեգիտիմ չեն համարում:
Երրորդ կետով համառոտ ներկայացրեցի տարածքների հանձնման և դրա հետևանքների անվտանգային և իրավական բաղադրիչները, իսկ թեմայի բարոյական բաղադրիչների վերաբերյալ կլռեմ՝ դա աղետ է:
ՄԱՍ IV. Ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձ
Հայտարարության 7-րդ կետով սահմանվում է «ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»: Հայտարարությունից հետո հայերն Արցախ վերադարձան ըստ էության ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ: Միաժամանակ «հարակից շրջանները» լքեցին և տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետություն հազարավոր հայեր:
Հանդիսանալով Հայտարարության գլխավոր հեղինակ և զինադադարի միջնորդ, Ռուսաստանի Դաշնությունը փորձել է ներգրավել ՄԱԿ-ի կառույցներին: 2020 թվականի նոյեմբերի 13-ին և նոյեմբերի 20-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից հրավիրված աշխատանքային քննարկումների շրջանակում այս հարցերի շուրջ խոսել է ՌԴ Արտգործնախարարը: Ստորև ներկայացնում եմ Լավրովի խոսքերի պաշտոնական արձանագրությունից բառացի թարգմանված հատված (2020 թվական, նոյեմբերի 13):
«Մենք կապի մեջ ենք նաև միջազգային կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են մարդասիրական գործունեությամբ։ Սա առաջին հերթին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն է, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակն է և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն է: Այս բոլոր կառույցներն ունեն իրենց ներկայությունը տարածաշրջանում, բայց ոչ ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղում։ Եվ հիմա, հայ և ադրբեջանցի մեր գործընկերների հետ շփումներում, ՄԱԿ-ի կառույցների խնդրանքով, մենք համաձայնում ենք, որպիսի նրանք կարողանան իրենց ներկայությունը հաստատել անմիջապես Լեռնային Ղարաբաղում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները նման տեղակայման դեպքում շատ շահագրգռված են համակարգել իրենց գործողությունները մեր խաղաղապահների, մեր սահմանապահների հետ և նրանց հետ, ովքեր հումանիտար խնդիրներ են լուծելու առաքելության այն գծով, որն իրականացվում է Ռուսաստանի կողմից։ Բացի ՄԱԿ-ի կառույցներից և ի լրումն նրանցից բխող խնդրանքների, այն է՝ ապահովել մուտք դեպի Ղարաբաղ և կարիքավորներին, նրանց (ՄԱԿ-ի) համար կարևոր է նաև ճշգրիտ տվյալներ ունենալ, թե քանի փախստական, քանի տեղահանված է տեղափոխվել։ Նաև մեզ համար կարևոր է դա գնահատել ինքնուրույն և, իհարկե, նաև ադրբեջանական և հայկական կողմերի հետ շփումների միջոցով»:
Փաստորեն, 2020 թվականի նոյեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության Արտգործնախարարն իր երկրի նախագահին զեկուցում է, որ Ռուսաստանն իրականացնում է Հայտարարության 7-րդ կետի իրականացմանն ուղղված քայլեր և տեղեկացնում է նաև, որ ՄԱԿ-ի կառույցները նույնպես շահագրգռված են իրենց ներկայությունը հաստատել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Տրամաբանությունը հուշում է, որ Հայտարարության 7-րդ կետի կատարումը չի բխել պաշտոնական Բաքվի շահերից, քանզի բարդ է պատկերացնել, որ ադրբեջանական կողմը շահագրգռված լիներ Արցախում կամ «հարակից տարածքներում», որտեղ նա անխնա ոչնչացնում էր հայերի ներկայության մասին հիշեցնող ամեն ինչ, ՄԱԿ-ի որևէ մի աշխատակցի առկայությամբ:
Դիվանագիտական կամ քաղաքական տեսակետից կոնկրետ ինչ առարկայական քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ պաշտոնական Երևանը, ինձ դժվար է ասել: Միգուցե արել է, սակայն ոչ ինչ իր մոտ չի ստացվել: Չգիտեմ, առնվազն ես նման քայլերի մասին տեղեկություն չունեմ:
ՄԱՍ V. Ողջ մարդկանց և մահացածների մարմինների փոխանակում
Հայտարարության 8-րդ կետն ամրագրում է, որ պետք է իրականացվի «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Այս կետը չի սահմանում ոչ մի նախապայման, ոչ մի ժամկետային կամ այլ տիպի սահմանափակում: Այսինքն, կողմերը պարտավոր են հետ վերադարձնել յուրաքանչյուրին, ով պատերազմական գործողությունների ժամանակահատվածում հայտնվել է իրենց «տնօրինության» ներքո՝ անկախ նրա ձերբակալման, գերևարման, առևանգման վայրից, ժամկետից և եղանակից: Դրանից բացի, պետք է տրամադրվեն զոհված կամ այլ եղանակով մահացած մարդկանց աճյունները: Հայտարարության տեքստում բառացի չի նշվում, սակայն մարդկային տրամաբանությունը հուշում է, որ կողմերը պետք է աջակցեն նաև իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում օտար բանակի զոհված զինվորի աճյունի հայտնաբերմանը և այլն:
Թե ինչ եղանակով և մասշտաբներով է Հայտարարության այս կետը իրականացվել, ես գերադասում եմ այս հոդվածում չնշել, քանզի ընթերցողին նոր բան ներկայացնել չեմ կարող: Այս կետը իմ գնահատմամբ ուղղակի մի ամոթալի խայտառակությունը է մեզ համար, քանզի մինչ օրս հստակ պատասխան չկա, արդյոք բոլոր զոհված զինվորների աճյուններ ենք հետ ստացել և հողին հանձնել և դեռ քանի ողջ մնացած զինծառայող է գտնվում ադրբեջանական կողմի մոտ: Նշեմ միայն, որ Հայտարարության այս կետի շրջանակներում հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց նաև «44-օրյա պատերազմի» մեկնարկից տարիներ առաջ Արցախում ծանր հանցագործություններ իրականացրած և դատարանի դատավճռով ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացիների:
ՄԱՍ VI. Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում
Հայտարարության 9-րդ կետը անդրադառնում է ճանապարհների ապաշրջափակմանը, որի նախադասությունը վերացական է՝ առանց հստակեցման նշելով «բոլոր» բառը՝ «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են»: Իսկ երկրորդ նախադասությունը հստակեցում ունի՝ ամրագրելով Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պարտավորությունները՝ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»:
9-րդ կետի երրորդ նախադասությունը ամրագրում է տվյալ հարցի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պարտականությունները և միաժամանակ լիազորությունները՝ «տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային Ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները»:
Այստեղ շատ կարևոր մի նրբություն կա, որը պետք է անպայման հաշվի առնվի: Հայտարարության ռուսերեն պաշտոնական բնօրինակի 9-րդ կետի առաջին նախադասության մեջ նշվում է «տրանսպորտային կապեր» (транспортные связи), իսկ երկրորդ նախադասության մեջ, որտեղ Երևանի պարտավորություններն են Բաքվի նկատմամբ, նշվում է «տրանսպորտային հաղորդակցության անվտանգություն» (безопасность транспортного сообщения), այսինքն՝ «կապերը» ընդդեմ «հաղորդակցության»: Իսկ Ռուսաստանի Դաշնությունը վերահսկողություն է իրականացնում միայն «հաղորդակցության» նկատմամբ, այսինքն՝ միայն այն ճանապարհներին, որոնք անցնում են Հայաստանի Հանրապետության տարածքով, քանի որ առաջին վերացական նախադասության մեջ, որը ըստ տրամաբանության կարող է վերաբերել նաև ադրբեջանական սուվերենության ներքո գտնվող «տրանսպորտային ճանապարհներին» օգտագործվել է «տրանսպորտային կապեր» տերմինը, որոնց վրա ռուսական կողմը, համաձայն Հայտարարության տեքստի, վերահսկողություն սահմանելու իրավասություն չունի և պարտականություն չի ստանձնել:
Հետևաբար, հայկական իշխանությունների որոշ ներկայացուցիչների և հայ որոշ փորձագետների պնդումները, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը վերահսկողություն է սահմանում Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ, ապա այն պետք է անի նաև Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհներին, չի համապատասխանում Հայտարարության 9-րդ կետի դրույթներին: Այդ իսկ պատճառով ադրբեջանական կողմն իրավասու է դա մերժել, իսկ ռուսական կողմը պարտավոր չէ հայկական կողմի այդ առաջարկը քննարկման դնել:
9-րդ կետի վերջին նախադասությունը սահմանում է, որ «Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։ Այսինքն սա մեզ դեռ սպասվում է։
ՄԱՍ VII. Հայաստան – Արցախ ցամաքային ճանապարհի վերահսկողությունը
Հայտարարության 6-րդ կետի 2-րդ նախադասությունը նշում է՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում, շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար, առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:
Փաստորեն, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հետագա կապն ապահովելու նպատակով, Լաչինի միջանցքի երկայնքով առաջիկա երեք տարիների ընթացքում Կողմերի համաձայնությամբ նախատեսվում էր ներկայացնել «նոր երթուղու» կառուցման նախագիծ:
Կողմերը, որոնք պետք է համաձայնեցնեին այս նոր ճանապարհը, ինչպես հիշում ենք Հայտարարությունից, Երևանն ու Բաքուն են, այլ ոչ թե Մոսկվան կամ Ստեփանակերտը: Իսկ հայկական տարբեր աղբյուրներում նշվող այն տեսակետը, որի համաձայն թերություններով լի այս նոր ճանապարհը, որի պատճառով դատարկվեց նաև հայկական Աղավնո գյուղը, շահագործման է անցել Ռուսաստանի զորախմբի հրամանատարության հովանու ներքո Արցախի Հանրապետության որոշ պաշտոնյաների և ադրբեջանական կողմի միջև տեղի ունեցած բանակցությունների հետևանքով, ես չեմ կարող հիմնավորված համարել, քանի որ ես վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը գործում է՝ առաջնորդվելով սույն Հայտարարության և դրանից բխող այլ գրավոր համաձայնություններով: Իսկ հաշվի առնելով այն փաստը, որ ռուսական խաղաղապահ զորակազմը վերատեղակայվել է՝ այդ նոր երթուղին պաշտպանելու համար, հիմքեր կան ենթադրել, որ Լաչինի միջանցքի երկայնքով «նոր երթուղու» շահագործման շուրջ փաստաթղթային, այն է՝ գրավոր պայմանավորվածություն ձեռք է բերվել Կողմերի այսինքն՝ կրկնում եմ՝ Երևանի և Բաքվի միջև:
ՄԱՍ VIII. Հայաստան – Արցախ ցամաքային ճանապարհի անվտանգության ապահովումը
Հայտարարության 6-րդ կետի վերջին նախադասությամբ նշված է՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:
Հայտարարության բովանդակությունից ելնում է, որ Հայաստանից Արցախ քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովում է ոչ թե Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը, այլ՝ Ադրբեջանի Հանրապետությունը: Հետևաբար, որպիսի Ադրբեջանը կարողանա կատարել իր պարտականությունը, այսինքն՝ «երաշխավորեր Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը», նա ամեն գնով պետք է ապահովեր իր պետական համապատասխան մարմինների ներկայությունն այս ճանապարհի վրա: Հիմա հասկանու՞մ եք իրավիճակը, տեսնու՞մ եք հիմա «ականները»:
2020 թվականի նոյեմբերի 10-ին հաստատված Լաչինի միջանցքի փոխարեն 2022 թվականի աշնանից սկսեց գործել Լաչինի միջանցքի երկայնքով «նոր երթուղին»՝ տալով Բաքվին իրավիճակի հետագա զարգացման խեղաթյուրման նոր հնարավորություններ:
Սակայն դեռ վերջը չէր: Արցախյան, այսինքն՝ հայկական կողմի համար իրավիճակը էապես բարդացավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև կայացած հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարությամբ, առ այն որ՝ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ»:
Արցախի ողջ տարածքն Ադրբեջանի սուվերեն տարածք ճանաչելու վերաբերյալ սա հայկական բարձրագույն իշխանությունների կողմից արված առաջին քաղաքական հայտարարությունն էր:
Առնվազն քաղաքական նշանակությունը կորցնում նաև միջազգային իրավունքի, այդ թվում՝ նաև ՄԱԿ ԱԽ 1993 բանաձևերի վրա հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Հայաստանին և Ադրբեջանին, իբրև հակամարտության կարգավորման հիմնական դրույթներ, ներկայացրած «Մադրիդյան սկզբունքները», քանի որ հակամարտող կողմերից մեկը՝ Հայաստանը, հրաժարվում է Արցախի հիմնախնդրի այսպես ասած «տարածքային բաղադրիչից», իսկ «ազգերի ինքնորոշումը» կարող է իրականացվել միայն որոշակի տարածքի վրա և շրջանակում: Դրանից բացի Արցախյան հիմնախնդիրը միջպետական հակամարտությունից վերածվում է ներպետական՝ ադրբեջանական ներքին՝ «ազգամիջյան» վեճի, որտեղ Արցախի, կամ, ինչպես արտահայտվեց Եվրոպական խորհրդի նախագահը, «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի» հայերը պետք է բանակցեն ադրբեջանական իշխանությունների հետ՝ խաղաղ համակեցության վերաբերյալ: Իրականում այստեղ խոսքը գնում է ադրբեջանական պետականության ներքո համակեցության մասին:
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Հայաստանը նաև «իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, իսկ Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա», - նշվում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայք էջում:
Եվրոպական Միությանն իր առաքելությունը Հայաստանում սկսեց հենց հոկտեմբերից՝ ներգրավելով 40 դիտորդ և սահմանելով 2 ամիս ժամանակ: Այն որ հիմքում ընկած էր 2022 թվականի հոկտեմբերի 6-ի, նշված է նաև Եվրպական Միության պաշտոնական կայք էջում: Այս գործողություններով սկսվեց Հայտարարության (2020 նոյեմբերի 9-ի) առվնվազն 6-րդ կետի խախտումը, ընդ որում Հայաստանի Հանրապետության քաղաքական բանավոր որոշման և «հողի վրա» Եվրոպական Միության դիտորդական քայլերի հետևանքով։
ՄԱՍ XI. Հայտարարության հիմնական աշխարհաքաղաքական նպատակը ու խնդիրը (հոդվածի ամենակարևոր հատվածն է)
Վերը նշված բոլոր կետերից զատ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարությունն ուներ նաև աշխարհաքաղաքական հարթություն, որը ուղղակիորեն նշված չէ նրա բովանդակության մեջ, սակայն պետք է որ ընկալելի լինի յուրաքանչյուր մարդու համար, որ քաղաքականության հետ ակտիվ առնչություն է ունեցել կամ ունի: Այն կայանում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հակամարտության կարգավիճակի պահպանման մեջ՝ իհարկե հաշվի առնելով պատերազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի կողմից կորցրած տարածքները: Խոսքը գնում է հակամարտության այն կարգավիճակի մասին, որը գոյություն ուներ առնվազն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10 դրությամբ, այսինքն՝ չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի համաձայն դեռևս համարվում է ադրբեջանական պետականության տարածք, այն վայելում է վիճելի տարածքի կարգավիճակ, որի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքներով՝ հենվելով միջազգային իրավունքի հետևյալ հիմնական սկզբունքների վրա՝
1) ժողովուրդների ինքնորոշմում,
2) տարածքային անձեռնմխելիություն, ինչպես նաև
3) ուժի կիրառման կամ նրա կիրառման սպառնալիքի բացառում:
Ավելին ասեմ Ձեզ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, Ամերիկային Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության կողմից զինադադարի հաստատմանն ուղղված ջանքերի ամենակարևոր աշխարհաքաղաքական նպատակներն էին Արցախի Հանրապետության գոյության պահպանումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող իրավիճակի հարաբերական ստատուս քվոյի պահպանումը, այլ ոչ թե Արցախն Ադրբեջանին հանձնելը:
Եթե Արցախն Ադրբեջանին հանձնելը լիներ նպատակը, ապա բոլորը կսպասեին, որ ադրբեջանական բանակն ամբողջովին գրավի Արցախը: Իսկ այն, որ ադրբեջանական կողմն ամբողջովին գրավելու էր Արցախը, եթե չկնքվեր զինադադար, հաստատվում է առնվազն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանությունների համապատասխան հայտարարություններով:
Արցախի ստատուս քվո կարգավիճակի պահպանմանն ուղղված աշխարհաքաղաքական նպատակի մասին ասվում է նաև զինադադարի հաստատումից հետո 2020 թվականի նոյեմբերի 17-ին տրված Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջին հարցազրույցում: Բերեմ հատված՝
Հարց. «հիմա Ղարաբաղի կարգավիճակի խնդիր ընդհանրապես գոյություն ունի՞»։
Պատասխան (Վլադիմիր Պուտին). «Այո, նման խնդիր կա, Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ։ Մենք պայմանավորվել ենք, որ պահպանելու ենք ստատուս քվոն՝ այսօրվա դրությամբ գոյություն ունեցող իրավիճակը։ Թե ինչ կլինի հետո, պետք է որոշվի ապագայում կամ ապագա առաջնորդների՝ այս գործընթացի ապագա մասնակիցների կողմից»:
2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2022 թվականի փետրվարի 23-ը Հայաստանի Հանրապետությունն ուներ բոլոր դիվանագիտական հնարավորությունները՝ խնդիրը հնարավորինս հայկական շահերի համապատասխան, այն է՝ հաշվի առնելով ադրբեջանական անմարդկային ագրեսիան, ադրբեջանական պետականությունից դուրս Արցախի կարգավիճակը միջազգայնորեն լուծելու համար:
Կրկնում եմ, հենց այդ նպատակով էր մեծ հաշվով կնքվել զինադադարը և հենց այդ նպատակով էին Արցախ ժամանել Ռուսաստանի Դաշնության զորքերը և հենց այդ նպատակով էին ռուսներն ամեն կերպ խրախուսում պատերազմից ելնելով Արցախը լքած հայերի վերադարձը:
Իսկ այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության ռեսուրսների «առյուծի բաժինը» օգտագործվում էր ներքաղաքական խնդիրների լուծման համար: Կազմակերպվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ և այդ ոչ կայուն իրավիճակում ի վիճակի չէին ամբողջովին գործել նաև «կրիտիկական» նշանակություն ունեցող գերատեսչությունները, մասնավորապես, Արտաքին գործերի նախարարությունը։ Հայկական կողմը կորցրեց պատմական շանսը:
Սակայն հիմա էլ դեռ ուշ չէ փրկել Արցախը: Իրավիճակն իհարկե անհամեմատ ծանր է, քան «երեկ», սակայն, վստահաբար կան հնարավորություններ:
#Հայաստան #Արցախ #Ռուսաստան